Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վ.Գալոյանն ու Լ.Լևոնյանն Արմավիրի մարզ այցի շրջանակներում հանդիպել են մարզպետ Վահրամ Խաչատրյանի, ՆԳՆ Արմավիրի մարզային ոստիկանության, փրկարար ծառայության ներկայացուցիչների, խոշորացված համայնքների ղեկավարների, ոլորտային պատասխանատուների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մթնոլորտային օդի աղտոտվածության, խոզանների, բուսական մնացորդների այրումների բացառման, աղբավայրերում, բաց տարածքներում թափոնների այրման կանխարգելման, մայրուղիների և ավտոճանապարհների հարակից տարածքներում կուտակված աղբի, մետաղական ջարդոնների մաքրման աշխատանքների, հողային ռեսուրսների նպատակային օգտագործման, ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտում օրենսդրական պահանջների պահպանման հարցեր։
Քննարկման ավարտին ընդգծվել է համայնքների, իրավապահ մարմինների և վերահսկող մարմնի միջև համագործակցության առավել սերտացման կարևորությունը՝ դեպքերի արագ արձագանքման ու համակարգված աշխատանքների արդյունավետ իրականացման շրջանակներում։