Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կարևորելով շրջակա միջավայրի պահպանության գործում կրթության անկյունաքարային դերը, 5-րդ տարին անընդմեջ հանրապետության դպրոցներում իրականացնում է էկոկրթական դասաժամերի շարք։ Այս տարի նախաձեռնությունն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության «Անվտանգ և ապահով կրթության տարվա» միջոցառումների շրջանակում։
Մայրաքաղաքի և մարզերի 35 դպրոցներում դասընթացներն անցկացվել են ինտերակտիվ ձևաչափով՝ ուսուցողական տեսանյութերի, հարցուպատասխանի միջոցով աշակերտների հետ քննարկվել է մարդու գործունեության, արդյունաբերական արտանետումների հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասները, ընդգծվել է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործման կարևորությունը, թափոնների տեսակավորման մշակույթն ու կլիմայի փոփոխության հետևանքները։
Տեսչական մարմնի կողմից իրականացվող այս արշավը միտված է բնության հանդեպ պատասխանատու վարքագծի ու էկոլոգիական մտածողության ձևավորմանը՝ ի նպաստ պետության կայուն և կանաչ ապագայի զարգացման։