Հունիսի 5-ին ամբողջ աշխարհում նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, որը սահմանվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ բնապահպանական խնդիրների նկատմամբ հանրային ուշադրությունը մեծացնելու և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համատեղ գործողությունները խթանելու նպատակով։
Օրվա շրջանակում ևս մեկ անգամ ընդգծվում է բնական ռեսուրսների պահպանության, կենսաբազմազանության պաշտպանության, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի կարևորությունը։
Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Մաքուր օդը, անվտանգ ջրային ռեսուրսները, անտառների, կենդանական և բուսական աշխարհի պահպանությունը կենսական նշանակություն ունեն մարդու առողջության, երկրի կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության համար։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, կարևորելով բնապահպանական վերահսկողության և հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը, շարունակաբար իրականացնում է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված վերահսկողական և կանխարգելիչ միջոցառումներ։
Օրվա խորհրդով կոչ ենք անում բոլորին միավորել ջանքերը՝ հանուն մաքուր, առողջ և անվտանգ շրջակա միջավայրի։
Բնության պահպանությունը ոչ միայն այսօրվա խնդիրն է, այլ նաև մեր պատասխանատվությունը՝ ապագա սերունդների հանդեպ։