Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական՝ երկրորդ նիստը, որը գլխավորել է Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ Հանդիպման առանցքում վայրի կենդանիների և բույսերի շրջանառության ու պահման պայմանների կարգավորմանն ուղղված արդեն իսկ մշակված նախագծերն են։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ ու ոլորտի այլ մասնագետներ։
Աշխատանքային խմբի գործունեության շրջանակում ուսումնասիրվել և վերլուծվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերը, գնահատվել է դրանց համապատասխանությունը CITES կոնվենցիայի պահանջներին և միջազգային չափորոշիչներին։ Կատարված աշխատանքների արդյունքում մշակվել են առաջարկություններ՝ թույլտվությունների տրամադրման և վերահսկողության գործընթացների կատարելագործման, ինչպես նաև ներմուծման, արտահանման, վերաարտահանման, տնօրինման և տիրապետման կարգերի հստակեցման ուղղությամբ։
Միաժամանակ իրականացվել է օրենսդրական դաշտում կիրառվող հասկացությունների վերանայման և ճշգրտման աշխատանքներ, ինչպես նաև մշակվել են առաջարկներ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների համար նվազագույն չափորոշիչների սահմանման վերաբերյալ։ Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար՝ ապահովելով դրանց տեղաշարժի ամբողջական հետագծելիությունը։
Կարևոր քայլեր են ձեռնարկվել նաև սահմանային և ներքին շուկայի վերահսկողություն իրականացնող պետական մարմինների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Մշակվել են տեղեկատվության օպերատիվ փոխանակման թվային մեխանիզմների ներդրմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն վերահսկողության արդյունավետության բարձրացմանը և ապօրինի շրջանառության կանխարգելմանը։
Աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունների փաթեթն ամփոփման փուլում է և կներկայացվի հետագա իրավական կարգավորումների և օրենսդրական փոփոխությունների գործընթացում կիրառման նպատակով։